Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
02/2/2022
share

Կաթնաղբյուրում ոսկի և գունագեղ քարեր չեն որոնի․ նախարարությունը մերժեց նախնական հայտը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն է տվել «Ավ Մայնինգ» ՍՊԸ-ի՝ Լոռու մարզի Արջիձորի հանքային դաշտի Սնկաձորի գունագեղ քարերի և ոսկու հանքերևակումների սահմաններում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին:
Մերժման համար հիմք են հանդիսացել մի շարք պատճառներ։ Այն է՝ «Հայցվող տեղամասը հարուստ է ջրային ռեսուրսներով. տարածքում է գտնվում Լոռու սարավանդի ստորերկրյա ջրերի ավազանը, Արջիձորի ոսկու հանքերևակման աջափնյա մասը տեղադրված է Ձորագետի երկու աջ վտակների՝ Արջիձորի և Սնկաձորի ակունքներում, իսկ ձախափնյա մասը գտնվում է Ձորագետի ձախ ափում՝ Սնկաձոր գետակի դիմաց:
Նախնական գնահատման հայտում շրջակա միջավայրի բաղադրիչների՝ մասնավորապես, ջրային ռեսուրսների վրա հնարավոր ազդեցությունները և դրանց մեղմմանն ուղղված միջոցառումները լիարժեք և հիմնավորված չեն ներկայացվել:
Համաձայն Կադաստրի կոմիտեի տվյալների՝ հայցվող տարածքի շրջադարձային կետերի կոորդինատներով պարփակված տարածքի մակերեսը կազմում է 407.5 հա, որտեղ ներառված են նաև անտառային նշանակության թփուտներ և ջրային նպատակային նշանակության հողեր:
Կաթնաղբյուր բնակավայրում 2022թ. հունվարի 20-ին իրականացված հանրային քննարկումներում համայնքի բնակիչները տարակարծիք էին նախատեսվող գործունեության իրականացման հարցի շուրջ, ՀԿ-ների ներկայացուցիչներն ու բնակիչների մի մասը դեմ արտահայտվեցին նախատեսվող գործունեության իրականացմանը՝ ելնելով հանքավայրի հետագա շահագործման և դրա հետևանքով շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություններից:
Հանրային քննարկումներից հետո «Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ է ներկայացվել Ստեփանավան համայնքի ղեկավարի 2022թ. հունվարի 26-ի N87 գրությունը, որում ներկայացվել է Կաթնաղբյուր բնակավայրի բնակիչների հետ իրականացված հարցումների վերաբերյալ Ստեփանավան համայնքի կարծիքը, համաձայն որի Արջիձորի հանքային դաշտի Սնկաձորի գունագեղ քարերի և ոսկու հանքերևակումների սահմաններում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների վերաբերյալ համայնքը չի կարող տալ դրական կարծիք, քանի որ Կաթնաղբյուր բնակավայրն ունի առանձնահատուկ բնություն և աչքի է ընկնում բնական առողջարար ջրերով, և հեռանկարում նախատեսվում է զարգացնել էկոտուրիզմը:

Կաթնաղբյուրի բնակիչները և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն գրություն են ներկայացրել շրջակա միջավայրի նախարարություն՝ նշելով, որ դեմ են բնակավայրի տարածքում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացմանը, քանի որ ցանկանում են այն պահպանել որպես էկոլոգիական մաքուր, գյուղատնտեսական նշանակության բնակավայր՝ ապահովելով հեռանկարներ գյուղատնտեսության և զբոսաշրջության համար»:

Նշենք, որ հունվարի 20-ին կայացած հանրային քննարկումներից հետո «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն կարծիք էր ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, ներկայացնելով այն վտանգներն ու ռիսկերը, որոնք կարող են առաջ գալ հանքավայրի շահագործման հետևանքով։

Հիշեցնենք, որ «Ավ Մայնինգ» ընկերությունն այս հայտով նախատեսում էր հետախուզել, գնահատել և հաշվարկել ոսկու և գունագեղ քարերի՝ յաշմա, խալցեդոն, օձաքարեր, պաշարները: 

cvmedia.am

4

facebook sharing button facebook